Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
Փորձաքննությունների ազգային բյուրոն եվրոպական երկրների գործընկեր կառույցների հետ համատեղ միջազգային գիտաժողով է կազմակերպել
ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները՝ Բյուրոյի տնօրենի գիտության գծով տեղակալ Պատվական Ոսկանյանի գլխավորությամբ հոկտեմբերի 3-ին (տեսակոնֆերանսի ձևաչափով) մասնակցել են Մոլդովայի ազգային դատափորձագիտական կենտրոնի նախաձեռնած և եվրոպական երկրների գործընկեր կառույցների հետ համատեղ կազմակերպված միջազգային համաժողովին:
«Դատական փորձագետը արդարադատության նկատմամբ վստահության ապահովման հիմնական տարր» խորագրով համաժողովին մասնակցում էին դատափորձագիտական և գիտական հաստատությունների ղեկավարներ, ոլորտի հեղինակավոր գիտնականներ և առաջատար մասնագետներ Հայաստանից, Իտալիայից, Ռումինիայից, Ուկրաինայից, Մոլդովայից և այլ երկրներից։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրենի գիտության գծով տեղակալ Պատվական Ոսկանյանը՝ կարևորելով նմանօրինակ գիտաժողովների անցկացումը՝ դատական փորձաքննությունների ոլորտում առաջ եկող տեսական և գործնական խնդիրների արդյունավետ լուծման, արտերկրի գործընկեր կառույցների հետ արդյունավետ համագործակցության համատեքստում:
Միջոցառման ընթացքում ներկայացվել են արժեքավոր գիտական զեկույցներ ոլորտի արդիական հիմնախնդիրների, այդ թվում՝ փորձաքննությունների իրականացման ընթացքում մարդկային գործոնի նվազեցման, արհեստական բանականության կիրառման, ապրանքագիտական, հետքաբանական, հոգեբանական, ձեռագրաբանական, շինարարատեխնիկական փորձաքննությունների ոլորտներում առկա մարտահրավերների և դրանց լուծման արդյունավետ ուղիների վերաբերյալ, քննարկվել են արդարադատության իրականացման գործում փորձագետի դերին, դեպքի վայրից մինչև դատարան փորձագետի օբյեկտիվությանն ու անկախությանն առնչվող հարցեր:
Համաժողովի շրջանակներում «Մաշվածությամբ և թերությունների առկայությամբ ոչ պարենային ապրանքների արժեքի պարզումը. կիրառման առանձնահատկությունները ՀՀ-ում իրականացվող դատաապրանքագիտական փորձաքննություններում» թեմայով համատեղ զեկույցով հանդես եկան նաև Փորձաքննությունների ազգային բյուրոյի ապրանքագիտական փորձաքննությունների բաժնի փորձագետներ Աննա Հարությունյանը և Շուշանիկ Մովսիսյանը: Զեկույցում ներկայացվել են մաշվածությամբ և վնասվածքներով ոչ պարենային ապրանքների արժեքի պարզման ընթացքում ի հայտ եկող խոչընդոտները, դատաապրանքագիտական փորձաքննությունների նկատմամբ աճող պահանջարկի պայմաններում գիտելիքահենք մեթոդաբանության կատարելագործման, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ համատեղ նոր մեթոդների, մեթոդիկաների մշակման, Փորձաքննությունների ազգային բյուրոյում դրանց արդյունավետ տեղայնացման հետ կապված հարցեր:
Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է նմանօրինակ միջոցառումների կազմակերպումն ու ակտիվ մասնակցությունը՝ ի նպաստ միջազգային համագործակցության շրջանակների ընդլայնմանը, մեր երկրում դատափորձագիտական հնարավորությունների արդիականացմանն ու ոլորտի կայուն զարգացման ապահովմանը։
03 October 2025